Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին

13:26, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հուլիսի 5-ին տեղի ունցած հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն իր զրուցակցին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը: Երախտագիտություն հայտնելով ուղերձի համար` ալ-Լահամը խիստ կարևորել է իր մասնակցությունը 2015թ. ապրիլին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Բարձր գնահատելով ԺԺ նախագահի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` դեսպան Փոլադյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում մեծապես կարևորում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սիրիայի ԺԺ նախագահի ջանքերը:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Սիրիայի օրենսդիր մարմնի ղեկավարը քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:


© 2009 ARMENPRESS.am