Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնության տարբեր կետեր կգործեն 10-25 տարի
13:17, 5 Հուլիս, 2015ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամ եւ Գերմանիա) միջեւ պայմանավորվածությունները կետերի մեծամասնության դեպքում ուժի մեջ կմնան 10 տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, դա հաստատել է արեւմտյան պատվիրակություններից մեկի կազմում գտնվող դիվանագիտական աղբյուրը:
«Մենք պայմանավորվեցինք, որ համաձայնագրի կետերի մեծ մասը գործելու են 10 տարվա ընթացքում»,- ասել է զրուցակիցը:
Նրա խոսքով` համաձայնագրի գործելու ավելի փոքր ժամկետ նախատեսված չէ, սակայն առավելագույն շրջանակները կկազմեն 25 տարի: «Կան բացառիկ կետեր, որոնք կգործեն 25 տարվա ընթացքում»,- հայտնել է աղբյուրը` չնշելով, թե որ կետերի մասին է խոսքը:
© 2009 ARMENPRESS.am