Պարույր Հայրիկյանին թույլ չտվեցին Բաղրամյան պողոտայում ծածանել եվրոպական դրոշը

23:05, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէենգրայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները կրկին կոչ են անում չքաղաքականացնել ակցիան և, բացի հայկական եռագույնից, այլ դրոշ չծածանել: ԵՄ դրոշներով Բաղրամյան պողոտա էր ժամանել ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ցուցարարները նրան հորդորեցին հեռացնել ԵՄ դրոշները: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ որևէ մեկին թույլ չեն տալու քաղաքականացնել բողոքի ակցիան և  հորդորեցին Պարույր Հայրիկյանին հեռացնել ԵՄ դրոշը, քանի որ հայկական դրոշից բացի, այլ դրոշ չպետք է ծածանվի ակցիայի ընթացքում:

«Այս ակցիան որևէ կապ չունի գեոպոլիտիկ քաղաքականության հետ, ուստի, անընդունելի են  ցույցը նման դաշտ տեղափոխելու փորձերը: Որևէ մեկն այստեղ չի բարձրացրել, օրինակ, Կամբոջայի դրոշը, ԵՄ դրոշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Երկար բանավեճի արդյունքում՝ Պարույր Հայրիկյանը, թեև շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում, ԵՄ դրոշները, սակայն, իջեցվեցին:

 


© 2009 ARMENPRESS.am