Բաղրամյան պողոտայում երկու երիտասարդ հացադուլ են հայտարարել. նրանց վիճակով հետաքրքրվեց Վալերի Օսիպյանը

20:39, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երկու երիտասարդի: Նա զրուցեց տղաների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վալերի Օսիպյանը հարցրեց, թե որքան ժամանակ են պատրաստվում երիտասարդները մնալ հացադուլի մեջ, ի պատասխան` նրանք նշեցին. «Այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել»: Երիտասարդները հայտնեցին, որ չեն ցանկանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում:

Վալերի Օսիպյանը նրանց խորհուրդ տվեց հացադուլին զուգահեռ չծխել` նշելով, որ հակառակ պարագայում կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ:

Երիտասարդները խոստացան թողնել ծխելը` շնորհակալություն հայտնելով Երևանի փոխոստիկանապետին իրենց առողջական վիճակով հետաքրքրվելու համար:

Լրագրողի հարցին պատասխան, թե արդյոք Երևանի ոստիկանապետը տեղյակ է հացադուլի մասին` Վալերի Օսիպյանը հայտնեց. «Ոստիկանության պետը տիրապետում է օպերատիվ իրավիճակին»:


© 2009 ARMENPRESS.am