«Ոչ թալանին» շարժումը կքննարկի ՀԷՑ-ի միջազգային աուդիտի կազմակերպմանը մասնակցելու հարցը

22:50, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ներկայացրել է շարժման հետագա քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շուշանյանը շեշտել է, որ այս պահին քննարկում են ՀԷՑ-ի միջազգային աուդիտի կազմակերպմանն իրենց մասնակցության հարցը: Առաջարկը նրանց արել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ նպատակով Շուշանյանը կոչ է արել բոլոր մտահոգ իրավաբաններին, տնտեսագետներին հավաքվել եւ ստեղծել ամբողջական համակարգ, որտեղ կքննարկվեն եւ կվերլուծվեն հետագա քայլերի եւ ռազմավարության հետ կապված հարցերը:

Նա շեշտել է, որ մնալով փողոցում եւ շարունակելով պայքարը, նրանք միաժամանակ պատրաստ են մասնակցել քննարկումների, որպեսզի հարցն ավելի շուտ հասնի հաջող ավարտի: «Միայն փողոցում պայքարը չի լինի: Եթե միայն փողոցով լինի, կմնանք փողոցում: Այն կտանի լճացման կամ բախման: Պայքարի հարթակը պետք է լայնանա: Այդ պատճառով կոչ եմ անում հմուտ իրավաբաններին, տնտեսագետներին միանալ մեզ, որպեսզի իրավական տեսանկյունից հարցը քննարկենք»,- ասել է Շուշանյանը` հավելելով, որ շարունակելու են պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն միայն խաղաղ կերպով:

Նա ընդգծել է, որ պատասխանատվություն չեն կրում Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձությունների համար, միաժամանակ, հավելել, որ հանրությունից եւ որեւէ մեկից առանձնացած չեն: Շուշանյանը նշել է նաեւ, որ իրենք չեն վախեցել կամ ահաբեկվել եւ ուշադրություն չեն դարձնում, որ որոշ մարդիկ իրենց անվանել են դավաճաններ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի`հունիսի 27-ի հայտարարությունից հետո նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գնալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:


© 2009 ARMENPRESS.am