ԵԱՏՄ անդամակցությունը գործընկերության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի

17:42, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է համագործակցության առավել խորացումն ու ընդլայնումը: Նրա խոսքով՝ նկատելի է միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկա, ինչին նպաստում են փոխայցերը, ինչպես նաեւ՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն ու անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամակցությունը գործընկերների հետ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երկու երկրների ռազմավարական համագործակցությանը եւ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությանը: 

ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը:

 


© 2009 ARMENPRESS.am