Ֆրանսիայի դեսպանատունը հայաստանյան զարգացումների լուծումը տեսնում է երկխոսության միջոցով

14:46, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին և ցանկանում, որ երկխոսության ճանապարհով հնարավորինս արագ լուծում գտնվի էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, որն ընդունելի կլինի բոլորի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 29-ին լրագրողների հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Մեր սովորությունների մեջ չի մտնում, և մենք մեզ իրավունք չենք վերապահում մեկնաբանություններ տալ օտար, ինքնիշխան երկրի ներքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Անշուշտ, մենք հետևում ենք ընթացող զարգացումներին: Իրադարձություն, որը մտնում է ժողովրդավարական գործընթացների ընդհանուր տրամաբանության մեջ: Բնական է, որ մարդիկ պահանջներ են առաջ քաշում: Բնական է նաև, որ իշխանությունները ձգտում են պահպանել հասարակական կարգը: Միակ բանը, որ մենք ցանկանում ենք, որ հնարավորինս արագ լուծում գտնվի` երկխոսության ճանապարհով:  Լուծում, որն ընդունելի կլինի բոլորի համար և տնտեսական տեսանկյունից կենսունակ կլինի»,- նշեց ֆրանսիացի դիվանագետը:

Լրագրողների դեմ կիրառված բռնությունների մասին հարցին դեսպանը պատասպանեց. «Որքանով, որ ես իրազեկված եմ` բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել»:


© 2009 ARMENPRESS.am