Ռուբիկ Հակոբյանը Բաղրամյան պողոտայում մնալու կոչերն ակնհայտ սադրանք է համարում

21:15, 28 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խելամիտ է համարում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների որոշումը` նստացույցը շարունակել Ազատության հրապարակում: Պատգամավորը հայտարարեց, որ ողջունում է այդ որոշումը, իսկ Բաղրամյան պողոտայում մնալու կոչերը համարեց ակնհայտ սադրանք: «Ես չեմ հասկանում, թե ինչի համար են մարդիկ այստեղ մնալու կոչեր անում: Ես նկատում եմ, որ նման կոչեր հնչեցնողները ակնհայտ սադրանքների են դիմում` օգտվելով առիթից, որ ժողովուրդ է հավաքված, իսկ նրանց այս պահին կոորդինացնող ուժ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով` ոստիկանությունը նախ պետք է պարզի, թե ինչ նպատակ են հետապնդում այն մարդիկ, ովքեր Բաղրամյան պողոտայում մնալու կոչեր են հնչեցնում: Նրա կարծիքով, կան շատ մարդիկ, ովքեր ոչ գիտակցաբար են մնացել Բաղրամյան պողոտայում և հետո կարող են փոշմանել իրենց որոշման համար:


© 2009 ARMENPRESS.am