«Ճանապարհը ես եմ փակել, ես էլ կբացեմ». երիտասարդներին այդ գաղափարի կոչն է անում Թևան Պողոսյանը

01:00, 28 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը համոզված է, որ Հայաստանի փայլուն երիտասարդությունը պետք է այս հաղթանակի մեջ դնի այն գաղափարը, որ ճանապարհ փակողն էլ, բացողն էլ ինքն է: Թևան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ երիտասարդները կքննարկեն և կհասնեն ճիշտ լուծման: ««Ես եմ տերը իմ երկրի» գաղափարախոսությունը պետք է աշխատի այսպես՝ «ես եմ որոշելու՝ ինչ անել եւ թույլ չեմ տա իմ փակած ճանապարհն ուրիշը բացի»»,- իր կոնցեպտն առաջարկեց Պողոսյանը:

Նա լիահույս է, որ ՀԷՑ-ի ձեռք բերած բոլոր «հիվանդությունները», խնդիրները կպարզվեն, իսկ գումարները կուղղվեն համակարգի արդիականացմանը: Պատգամավորը չբացառեց, որ դրա արդյունքում հնարավոր է նույնիկ սակագին իջնի: «Իշխանությունը հասկանում է, որ երիտասարդությունը եւ քաղաքացիական շարժումը կարողացավ արձանագրել հաղթական քայլեր, որն, ըստ իս, լավագույնն է ինչպես դուռ ու պատուհան բացելու, այնպես էլ հաջորդ քայլերը ճիշտ, համատեղ, բանակցված ու թափանցիկ իրականացնելու համար»,- ընդգծեց Պողոսյանը:

Պատգամավորը վստահ է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է լուծում տրվել խնդրին: Ամեն դեպքում, դա Բաղրամյան պողոտայում նստացույց անող աղջիկների ու տղաների հաղթանակն է:

Անդրադառնալով այն պնդմանը, որ բյուջեն էլ հարկերից է հավաքվում, այսինքն՝ կրկին վճարում է բնակչությունը, Պողոսյանը նկատեց, որ այդտեղ կարող են լինել այլ մեխանիզմներ: «Բյուջեն հաստատված է: Այնտեղից չեն կարող գումարներ հատկացնել, եթե նոր գումարներ չլինեն: Իսկ նոր գումարները կարող են ստանալ դրսի աղբյուրներից: Գուցե բանակցել են այդ գումարների հարցով եւ հասկացել, որ դա հնարավոր է»,-ասաց պատգամավորը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում `Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել hանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:


© 2009 ARMENPRESS.am