ՀՀ վարչապետը բարձր է գնահատել դեսպան Մորելի ներդրումը հայ- գերմանական կապերի սերտացման գործում

17:20, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռայներ Մորելին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով, որ Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ վարչապետը բարձր է գնահատել դիվանագետի անձնական ներդրումը հայ-գերմանական կապերի ակտիվացման ու սերտացման գործում:

Դեսպան Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ և՚ ԱԺ նախագահի, և՚ վարչապետի պաշտոնում կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Դիվանագետը նշել է, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը և համոզմունք հայտնել, որ հայ-գերմանական հարաբերություններն այսուհետ ևս դինամիկ կզարգանան:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am