Արամ Ա-ի նախագահությամբ Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և իսլամ հոգևորականների միջև

13:12, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 21-ին Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և իսլամ հոգևորականների միջև:

 Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպումը կայացել է Լիբանանի հյուպատոս Պիլալ Քաբալանի նախաձեռնությամբ: Ներկա են գտնվել 20 բարձրաստիճան հոգևորականներ:

Հյուպատոսը ողջունել է Նորին Սուրբ Օծության Դետրոյթ կատարած այցելությունը: Նա նշել է Վեհափառ Հայրապետի կարևոր դերը ոչ միայն Լիբանանում և Միջին Արևելքում, այլ նաև միջազգային մակարդակում: Հյուպատոսը հատկապաես անդրադարձել է քրիստոնյա-իսլամ երկխոսության մեջ Վեհափառի բերած նպաստին:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադաձել է Լիբանանին` որպես համայնքների գոյակցության երկրի: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նա շեշտել է, որ կրոնական ազդակը ոչ մի դեր չի ունեցել Հայոց ցեղասպանության մեջ` հիշեցնելով, որ հայերը և իսլամները 7-րդ դարից սկսած գոյակցել են: Նա նաև կարևորությամբ ընդգծել է քրիստոնյա կրոնների գործակցությունը նոր ժամանակների ծայրահեղական շարժումների դեմ: Ապա ներկա հոգևորականներն իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել հատկապես Միջին Արևելքում  վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Լիբանանի հյուպատոսն ի պատիվ Վեհափառ Հայրապետի հացկերույթ է կազմակերպել, որին մասնակցել են նաև ներկա եղած հոգևորականները:


© 2009 ARMENPRESS.am