Պայթյուններ Թուրքիայի քրդական կուսակցության գրասենյակներում

12:37, 18 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ադանա եւ Մերսին նահանգներում պայթյուններ են տեղի ունեցել քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակներում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պայթյունների արդյունքում Ադանայում վիրավորվել են 3, Մերսինում` 7 մարդ: Քրդական կուսակցության գրասենյակներին նյութական մեծ վնաս է հասցվել:

Ինչպես հայտնում է թերթը, Թուրքիայում անցկացվելիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ այդ նահանգներում սպասվում էին HDP առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի նախընտրական հանրահավաքները:

HDP կենտրոնական գրասենյակը հայտնել է, որ կուսակցության Ադանայի նախընտրական շտաբում պայթյունը տեղի է ունեցել փոստով ստացված փաթեթը բացելու ժամանակ, իսկ Մերսինում պայթել է գրասենյակ բերված ծաղկեփունջը:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

 

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am