Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

16:54, 5 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու պետությունների վարչապետերը քննարկել են գործնական հարցեր, երկուստեք վերահաստատվել է հարաբերությունների բարիդրացիական բնույթը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղում Գալուստ Սահակյանի եւ Անատոլի Բիբիլովի մասնավոր բնույթի հանդիպմանը, որի վերաբերյալ արդեն մեկնաբանություն տարածել է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի` ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիքորոշումների հետ:


© 2009 ARMENPRESS.am