Նոր Զելանդիայի երկու հայկական կազմակերպությունների նպատակը ազգային ինքնության պահպանումն է

22:31, 29 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 29-ին ընդունել է Նոր Զելանդիայի «Վելինգտոնի հայերի ասոցիացիա» կազմակերպության հիմնադիր անդամ, Վելինգտոնի ներգաղթողների գործակալության պաշտոնյա Արա Կասապյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կասապյանը նախարարին տեղեկություններ է հայտնել Նոր Զելանդիայի հայության մասին՝ նշելով, որ հայերը հիմնականում բնակվում են Օքլենդում՝ (շուրջ 200 հոգի) և Վելինգտոնում  (շուրջ 40 հոգի): Թեև թվաքանակով մեծ չեն, սակայն շատ հարգված են՝ որպես օրինապահ քաղաքացիներ և բարեխիղճ աշխատողներ: Նրանց մեջ կան նաև բարձր պետական պաշտոնյաներ, բժիշկներ, փաստաբաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ և այլն: Գործում է երկու հայկական կազմակերպություն, որոնց հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանումն  է:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արա Կասապյանին՝ հեռավոր Նոր Զելանդիայում հայրենանվեր աշխատանք իրականացնելու համար: Նա հյուրին ծանոթացրել է Սփյուռքի նախարարության ծրագրերին և հորդորել գտնել հնարավորություններ՝ Նոր Զելանդիայում բնակվող հայությանը ներգրավելու նախարարության կողմից իրականցվող ծրագրերում:

Քննարկվել են հայապահպանությանը և Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանն առնչվող այլ հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am