Կյանքից հեռացել է Հայաստանում ԱՄՆ-ի առաջին դեսպանը

11:14, 29 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, հեղինակավոր դիվանագետ Հարի Գիլմորը մինչև կյանքի վերջին օրերը նպաստում էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Հարի Գիլմորը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել 1993 թվականին: Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով` նա Հայաստան էր ժամանել չափազանց բարդ ժամանակաշրջանում: «Հայաստանը նոր էր անկախացել և լուրջ մարտահրավերների առջև էր կանգնած: Շարունակվում էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակումը, վառելիքի պակաս կար, սնունդ չկար, և դեսպան Գիլմորն ամեն կերպ փորձում էր երաշխավորել, որ հայ ժողովուրդը օգնություն ստանար, ինչի համար մենք նրան միշտ շնորհակալ կլինենք», - նշում է Արդունին:

Երկար տարիներ դիվանագիտական ծառայություն իրականացրած Հարի Գիլմորը բազմաթիվ ճգնաժամեր է կարողացել կարգավորել: 1980-ականների վերջին հենց նա էր Բեռլինի ամերիկյան պարետային ծառայության տեղակալը, երբ փլուզվեց Բեռլինի պատը, և հենց նա էր ապահովում անվտանգությունը, երբ Արևելյան Բեռլինի հազարավոր բնակիչներ քաղաքի արևմտյան կողմն անցան:

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ընդգծում է, որ Գիլմորն այն եզակի դիվանագետներից էր, ով անընդհատ Վաշինգտոնում գտնվող իր ղեկավարների հետ էր կապվում և պահանջում իրեն երաշխավորել, որ Հայաստանը ժամանակին կստանա նախատեսված հումանիտար օգնության հերթական մասը: «Մենք մինչ օրս դեռ օգտվում ենք նրա սկսած գործերի բարիքներից», - ասում է նա:

Մինչ կյանքի վերջին տարիները, երբ արդեն հեռացավ դիվանագիտական պաշտոնից, Հարի Գիլմորը փորձում էր նպաստել Հայաստանի շուրջ խաղաղության հաստատմանը:

Դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: 35-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում դեսպան Գիլմորը նաև աշխատել է Բեռնլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում և մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մայրաքաղաք Վաշինգտոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, Դեսպան Գիլմորի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 9-ին Արլինգտոնում (Վիրջինիա):


© 2009 ARMENPRESS.am