Նանսենի ընտանիքը Օսլոյում միացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված երթին

13:46, 26 Ապրիլ, 2015

ՕՍԼՈ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի ակտիվիստները եւ Նորվեգիայի հայերը ապրիլի 24-ին հավաքվել են Օսլոյի կենտրոնում` կազմակերպելով երթ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Նրանց են միացել Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին` Մարիտ Գրեվեն եւ ծոռնուհին` Աննա Գրեվեն` պահանջելով ճանաչում եւ արդարություն: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Նորվեգիայում հայկական մշակութային ասոցիացիայի կայքը, երթի մասնակիցները շարժվել են դեպի խորհրդարանի շենքը` հանդես գալով ելույթներով: Հայ ժողովրդի մեծ բարեկամ նորվեգացի մարդասերի, դիվանագետի եւ հետազոտողի թոռնուհին նշել է, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխման համար անհրաժեշտ է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: 

«Մենք այստեղ կանգնած ենք ի նշան համերաշխության հայ ժողովրդի եւ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր շարունակում են ենթարկվել ճնշումների եւ բռնության նաեւ այսօր»,- ասել է նա: 

Երթի մասնակիցները կարեւորել են քաղաքական գործիչների, առաջնորդների, լրագրողների, մանկավարժների եւ ակտիվիստների ամուր բարոյական դիրքորոշումն այս հարցում` շեշտելով, որ հայերի ցեղասպանության անպատժելի լինելը հանգեցրեց այլ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների: 

Երթի ընթացքում ելույթի իրավունք է խնդրել քուրդ երիտասարդ, ով նշել է. «Ես ցանկանում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, մենք կիսում ենք ձեր ցավն ու ձեզ հետ ենք այսօր»: 

Մասնակիցների թվում եղել են հայեր, ում նախնիները փրկվել էին ցեղասպանության ժամանակ ի շնորհիվ Նանսենի անձնագրերի: Նրանցից ֆրանսիացի ռեժիսոր Վալենտին Վալերան ժամանել էր Օսլո մեծ մարդասերի ընտանիքին հանդիպելու եւ նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար: Ռեժիսորի հետ միասին մասնակիցների թվում է եղել հայ-ֆրանսիացի դերասան Ժակի Ներսեսյանը, ով հայտնի է «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատարմամբ:

 


© 2009 ARMENPRESS.am