Գարրի Կասպարովը աշխարհին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:56, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը աշխարհին կոչ է արել ճանաչել Հայող ցեղասպանությունը:

«Այսօր լրանում է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես չարի ամեն գործ, այս ամենի հետ ևս առերեսվելը դժվար է: Չարությունն ավելի է մեծանում, երբ մենք խուսափում ենք այն ընդունել, մենք այս ամենը գիտենք պատմությունից: Մենք պետք է լինենք ազնիվ և խիզախ և չարությունը կոչենք իր անունով, հատկապես այս մեկը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է Կասպարովը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկուսուկես միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ., իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրոխորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, այլ հեղինակավոր կազմակերպություններ:


© 2009 ARMENPRESS.am