Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

18:08, 23 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլանդրիայի խորհրդարանն ապրիլի 22-ին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հարցը օրակարգ է մտել Ֆլանդրիայի առաջատար բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Հարցը ներկայացրել է Վաարդ Կեննեսը` քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բանաձևում մեկ անգամ ևս շեշտվում է, որ անցած դարասկզբին Թուրքիայում հայերի բնաջնջումը ցեղասպանություն էր և Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, ձեռնպահ` 3, դեմ քվեարկող չի եղել:  


© 2009 ARMENPRESS.am