Ամերիկացի կատակերգուն դահլիճին ստիպել է բղավել. «Գրողի ծոցը Թուրքիան»

20:56, 22 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Stand-up ոճի ամերիկացի հայտնի կատակերգու Քաթ Ուիլիամսը իր շոուներից մեկի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ինչպես նաև Քարդաշյանների այցին Հայաստան: «Ես հիմա ավելին կանեմ Հայաստանի համար, քան Քարդաշյանների ողջ ընտանիքը երբևէ արել է: Դե նայեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է կատակերգուն, ապա խնդրել հանդիսատեսին հաշվել մինչև երեքը, հետո բարձր արտասանել. «Գրողի ծոցը Թուրքիան»: Ոգևորված հանդիսատեսը միաձայն հետևել է նրան:

«Ասեք Հայաստանին, որ մենք արել ենք սա»,- նշել է Ուիլիամսը և  իր ոճով խրախուսել Թուրքիային տեր կանգնել և պատասխանտվություն ստանձնել իր արարքների համար:

Քաթ Ուիլիամսը ամերիկացի հայտնի կատակերգու է, ռեփեր և դերասան: Ծնվել է 1971 թվականին ԱՄՆ Սինսինաթի քաղաքում: Այժմ նա բնակվում է Լոս Անջելեսում, միաժամանակ աշխատում է մի քանի նախագծերի վրա: Կատակերգուի կարիերայի ընթացքում նա շրջագայել է ամբողջ երկրով և երկրպագուների մեծ խումբ ձևավորել:


© 2009 ARMENPRESS.am