Քլոե Քարդաշյանը կոչ է արել միանալ ապրիլի 24-ին «Գուգլ»-ում Ցեղասպանության տարելիցը խորհրդաշող «դուդլ» տեղադրելու արշավին

16:44, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քլոե Քարդաշյանը երկրպագուներին կոչ է արել միանալ առցանց ստորագրահավաքին, որի նպատակն է, որ ապրիլի 24-ին «Գուգլ»-ում տեղադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդաշող «դուդլ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հեռուստաաստղը գրել է իր թվիթերի միկրոբլոգում:

Ընդհամենը 14 ժամ առաջ Քլոե Քարդաշյանի կողմից կատարված գրառմանը արդեն արձագանքել են 800-ից ավելի օգտատեր: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերից change.org կայքում մեկնարկած ատորագրահավաքին այս պահին միացել է 114 հազար 264 օգտատեր, և 35 հազար 736 ստորագրոթյուն պահանջվում է, որպեսզի ստորագրությունների քանակը լինի 150 000:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


© 2009 ARMENPRESS.am