Հայ երիտասարդները Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել

11:31, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները բողոքի ցույց են իրականացրել Լոս Անջելեսում Գերմանիայի հյուպատոսարանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հայկական «Ասպարեզ» պարբերականը, հայ երիտասարդները կոչ են արել Գերմանիային հետևել Եվրոպայի խորհրդարանի օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իր պատմության ընթացքում ունեցած մութ էջերի համար սեփական մեղքը հատուցելուց հետո Գերմանիան Երկրորդ աշխարհամարտի տարիներին իրականացված Հոլոքոստից հետո գլխավորել է ցեղասպանությունները դատապարտելու ջանքերը: Իրենց ջանքերի լույսի ներքո՝ նրանց համար բարոյական պարտք է Հայոց ցեղասպանության դատապարտումը: Սակայն դրա փոխարեն գերմանական կառավարությունը հակառակ քայլեր է ձեռնարկում՝ խուսափելով 1915 թվականի դեպքերի նկարագրման համար «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից»,- ասել է Հայկական երիտասարդական հիմնադրամի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ժոզեֆ Կասկանյանը:

Հայկական երիտասարդական հիմնադրամը վերջին օրերի և շաբաթների ընթացքում տարբեր ցույցեր և բողոքի ակցիաներ է կազմակերպել գերմանական դեսպանությունների և հյուպատոսարանների առջև: 


© 2009 ARMENPRESS.am