ՍԱՆԱ-ն անդրադարձել է Ֆրանցիսկոս պապի` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագին

14:33, 13 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն անդրադարձել է Վատիկանում Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով մատուցած պատարագին և քարոզին, ով հարյուր տարի առաջ օսմանցիների իրականացրած ոճրագործությունը որակել է «ցեղասպանություն» եզրույթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում Պապը հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի հանցագործությունները համարել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ի պատասխան Օսմանյան Թուրքիայի մասին Պապի ելույթի՝ Թուրքիայի կառավարությունը Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլի 12-ի պատարագը պատմական է. առաջին անգամ  Հռոմի պապը պատարագ է մատուցել՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Ճնշումը  Պապի և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ…Պատարագը ոչ միայն մատուցվել է, այլև ուղիղ հեռարձակվել: 

Լուսանկարը`ՍԱՆԱ


© 2009 ARMENPRESS.am