«Պահպանիր և հիշիր» կարգախոսի ներքո մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթ»-ը

12:12, 10 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահպանիր և հիշիր» կարգախոսի ներքո ապրիլի 13-20 Հայաստանում կանցկացվի «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքը: Միջոցառումն անցկացնում է Հայաստանի գրադարանային ասոցիացիան՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ավանդաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է բարձրաձայնել գրադարանների խնդիրները, նպաստել գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերի կարևորմանը և հետաքրքրության ցուցաբերմանը:  

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայաստանի գրադարանային ասոցիացիայի  նախագահ Ռուզան Տոնոյանը միջոցառումների մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ «Ազգային գրադարանային շաբաթ»-ն անցկացվում է արդեն 13-րդ անգամ: «Հայաստանի գրադարանային ասոցիացիան անցկացնում է միջոցառումների ծրագիր և նպատակ ունի հասարակության ուշադրոթյունը հրավիրել գրադարաների հիմնախնդիրների վրա: Այս տարի ևս հանրապետության մի շարք գրադարաններ մասնակցում են այս ծրագրին: Ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են լինելու, տարբեր գրադարաններ տարելիցին կանդրադառնան իրենց ձևով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուզան Տոնոյանը:

Հայաստանի գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ հանրապետության գրադարանների աշխատակիցների համար «Ազգային գրադարանային շաբաթ»-ն ավանդույթի ուժ է ձեռք բերել, և  հասարակության տարբեր շերտերի ուշադրությունն է բևեռում գրադարանների խնդիրների վրա: «Իրականում գրքի նկատմամբ հետաքրքրություն միշտ էլ կա: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի շատ օգնում են գրքի տարածմանը, գրադարանների նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում»,-հավելեց նա:  

Հայաստանի գրադարանային ասոցիացիայի անդամները փաստում են՝ այսօր մեր գրադարանները շենքային, գրքերի համալրման, որակավորված կադրերի պակաս ունեն, որոնք լուծում ստանալու կարիք ունեն:

Շաբաթվա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև սերտ արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրամրապնդում և շարունակաբար գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում:

Շաբաթը կմեկնարկի ապրիլի 13-ին հանրապետության բոլոր գրադարաններում: Կանցկացվեն հոբելյանական հուշ-երեկոներ, քննարկումներ, հանդիպումներ, ցերեկույթներ: Միջոցառմանը տարատեսակ ծրագրերով մասնակցելու է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: 


© 2009 ARMENPRESS.am