«Աբգար Մուրադյան» դուետն առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

16:47, 6 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Աբգար Մուրադյան» դուետի անդրանիկ բեմելը։ Համերգին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Աբգար Մուրադյանի որդին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից,  «Աբգար Մուրադյան» դուետի կազմում ընդգրկված են Աբգար Մուրադյանի դասարանի սան, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։ Վերջիններս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներ են և նվագախմբի կազմում են նրա կազմավորման առաջին իսկ օրից։

Սա 3-րդ համերգն է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նվիրում է հանրապետության վաստակավոր արտիստ, անվանի կլարնետահար, մանկավարժ Աբգար Մուրադյանի հիշատակին։ Աբգար Մուրադյանն այն արվեստագետներից էր, ով շատ մոտ էր կանգնած երիտասարդական նվագախմբի կազմավորման ակունքներին և իր գործունեությամբ ամեն ինչ անում էր՝ երիտասարդների կողքին լինելով, աջակցելով մասնագիտական, կազմակերպչական և մարդկային խորհուրդներով։  

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը նշել է, որ Երիտասարդական նվագախմբի կազմում գործում են տարբեր գործիքային անսամբլներ։ Եվ առաջարկը՝ դուետը կոչել Աբգար Մուրադյանի անունով, Սերգեյ Սմբատյանինն է եղել։ Աբգար Մուրադյանը երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի փողային գործիքների ամբիոնը։ Նրա դասարանում կերտվել են բազմաթիվ երաժիշտներ, որոնք այսօր նվագում են հայաստանյան և արտասահմանյան կոլեկտիվներում, հայտնի են որպես առաջատար մենակատարներ։

Դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը, անդրադառնալով համերգային ծրագրին, նկատել է, որ այն բազմաժանր էր։ Հնչել են Շումանի, Դեբյուսիի, Պենդերեցկու, Մեսսաժեի, Ռոզենբլատի ստեղծագործությունները։

Աբգար Մուրադյանի որդին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, համերգի վերջում ներկայացնելով իր զգացումները, նշել է, որ շատ տպավորված է, հուզված ու երախտապարտ։

«Կարծում եմ՝ Աբգար Մուրադյան անունը շատ պարտավորեցնող է։ Անհանգիստ էի համերգի սկզբին, սակայն երիտասարդների կատարումները լսելով՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ Դավիթ Գյուլամիրյանն Աբգար Մուրադյանի արժանի աշակերտն է։ Տպավորված եմ նաև Լիլիթ Զաքարյանի կատարումներով»,- նշել է Արմեն Մուրադյանը։ ՀՀ առողջապահության նախարարը, ի դեպ, նույնպես երաժշտական աշխարհից է։ Ունի երաժշտական կրթություն. նվագում է դաշնամուր։


© 2009 ARMENPRESS.am