Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացումը

20:07, 3 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, պաշտպանական գերատեսչության և ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունների փոխգործակցության եզրերի քննարկման նպատակով ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության և ոլորտի առաջատար մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ սպառազինությունների արդիականացման, նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության ներդրման, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների, բազմակողմ ձևաչափով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրները պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից և առկա մարտահրավերներին համարժեք արձագանքելու հնարավորություններից են համարվել, որոնք ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ են ստեղծում:

Նշվել է, որ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերն իրատեսական են և իրագործելի: Ասվածի վկայությունն է նաև վերջերս ԱԺ-ում քննարկված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծը, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու ոլորտի հետագա զարգացման համար, խթանելու է ռազմարդյունաբերական համալիրի վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ճյուղի: 

Առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ նոր օրինագծի շրջանակում ռազմարդյունաբերական կազմակերպությունների ներկայիս վիճակի, արտադրական կարողությունների, ձեռքբերումների և բացթողումների իրատեսական գնահատումը, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքների և առաջարկությունների քննարկումը նոր էջ է բացում ոլորտի զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ընկերությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության կնքած պայմանագրերի գործնական արդյունքները, հայրենական ձեռնարկություններում սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, նորոգման, պատվերների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, այդ պատվերների կատարման ընթացքում առաջացող դժվարությունները, ինչպես նաև ընկերությունների բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ ծրագրերը:

Հնչել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է իր դիրքորոշումը՝ հանդիպման մասնակիցներին տալով մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և կայացման գործում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են հանձնվել ոլորտի մի շարք պատասխանատուների և մասնագետների:


© 2009 ARMENPRESS.am