Հիմնադիրները ցանկանում են «Բյուրական» արվեստի ակադեմիան դարձնել ամենամեծ մշակութային կենտրոններից մեկը

19:02, 3 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ արվեստի սիրահար տաղանդավոր երեխաները վերապատրաստվելու և համաշխարհային արվեստագետների կողմից վարպետության դասեր ստանալու հնարավորություն կունենան: Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում տեղի ունեցավ «Բյուրական» արվեստի ակադեմիայի բացման արարողությունը, որին  մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնի ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստի և մշակույթի գործիչներ:

Լրագրողների հետ զրույցում «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Չեմպերճյանը ողջունեց Բյուրականում նման ակադեմիա ստեղծելու նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ «Փյունիկ» հիմնադրամը միշտ էլ աջակից է լինում նման նախաձեռնություններին: Նա հայտնեց, որ հիմնադրամն իրականացրել է ակադեմիայի կահավորումը, ինչպես նաև օգնել է թանկարժեք դաշնամուր ձեռք բերելու հարցում: «Համագործակցությունն ակադեմիայի հետ շարունական է լինելու: Մեզ համար շատ կարևոր են նման նախաձեռնությունները, որովհետև մենակ պատերազմով չեն հայրենիք պահում: Հայրենիքի պահպանման կարևոր նախադրյալ է նաև արվեստը, որն էլ յուրահատուկ փամփուշտ է թշնամու դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Չեմպերճյանը:

Նախաձեռնության հեղինակ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ ամեն երազանք իրականություն է դառնում, մարդն ուրախություն է ապրում ևս մեկ քայլ կատարելու համար: «Ես համոզված եմ, որ ցանկացած գաղափար իրականություն է դառնում, եթե կա ցանկություն, կա տեսլական: Սա ոչ միայն մերն է, այլ ամբողջ հայությանը: Սա արվեստի սիրտ է, բաբախման տեղ է, որտեղ տեղ կունենան մեր ամենատաղանդավոր արվեստագետները, երաժիշտները: Ակադեմիայի համար վայրն ընտրել ենք այնտեղ, որտեղ ժամանակին գործել են մեր մեծերը՝ Վիկտոր Համբարձումյան, Պարիս Հերունի, Մարտիրոս Սարյան, Խրիմյան Հայրիկ, Գևորգ 4-րդ: Նաև մեծն Կոմիտասն իր աշխատանքների մեծամասնությունը կատարել է հենց Բյուրականում: Եվ պատահական չէր, որ ակադեմիայի համար ընտրվեց հենց Բյուրականը: Իմ ընկերների, արվեստագետների ցանկությունն է, որ ինչպես Դիլիջանը փորձում են դարձնել ֆինանսների քաղաք, մենք կփորձենք Բյուրականը վերածել արվեստի կենտրոնի»,- նշեց Ռոստոմյանը՝ հավելելով, որ մոտակայքում կառուցվում է 1000 տեղանոց դահլիճ, որտեղ գործլու է սիմֆոնիկ նվագախումբ: Նա ընդգծեց, որ «Բյուրական» արվեստի ակադեմիան դառնալու է Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից մեկը:

Ռոստոմյանը հայտնեց, որ ակադեմիան լինելու է արվեստի կրթական կենտրոն, որտեղ պարբերաբար վարպետության դասեր կանցկացնեն «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող արվեստագետները:

[gallery id= 54786]

Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանում նման ակադեմիա է գործելու՝ հույս հայտնելով, որ այնտեղ կվերապատրաստվեն տաղանդավոր երեխաներ, ովքեր ունեն դրա կարիքը: «Ես կարծում եմ, որ սա հիանալի նախաձեռնություն է, որն ունենալու է լավ ապագա: Կարծում եմ, որ այնպիսի արվեստագետների մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսին Եվգենի Կիսինն է, ով այսօր մասնակցում է ակադեմիայի բացմանը, շատ կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց նախարարը:

Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Եվգենի Կիսինն էլ ուրախություն հայտնեց, որ երեկ Երևանում կայացած համերգից ստացած իր հոնորարի մեծ մասը հատկացրել է «Բյուրական» արվեստի ակադեմիայի համար դաշնամուր ձեռք բերելուն: «Շատ լավ եմ վերաբերում և աջակցել եմ այս նախաձեռնությանը: Նախաձեռնության հեղինակներին՝ իմ ընկերներին, ամբողջ հոգով մաղթում եմ հաջողությունների երկար տարիներ»,- ընդգծեց Կիսինը:

Հարցին, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի ակադեմիան զարգացում ապրի, Կիսինը պատասխանեց, որ ինքը երբեք աչքի չի ընկել կազմակերպչական ունակություններով: «Ես երբեք որևէ բանում կազմակերպչական ունակություններով աչքի չեմ ընկել: Դժբախտաբար կամ, միգուցե, բարեբախտաբար, Աստված ինձ այդ տաղանդով չի օժտել: Սակայն ես կարծում եմ, որ ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելու համար հարկավոր է իրական, մեծ ցանկություն»,- նշեց Կիսինը:

Առաջին միջոցառումը, որը տեղի կունենա «Բյուրական» արվեստի ակադեմիայում, ապրիլի 11-13-ը Եվրոպական փառատոնային ասոցացիայի հետ համատեղ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթացն է՝ «Փառատոնային ընթերցումներ» խորագրով:


© 2009 ARMENPRESS.am