Հունահայ երիտասարդները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջագիր են հանձնել ԵՄ ներկայացուցչին

17:01, 27 Մարտ, 2015

ԱԹԵՆՔ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միության անդամները Հունաստանում Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով, որպեսզի ԵՄ անդամ պետությունները վերջ տան ժխտողական քաղաքականությանը եւ ճանաչեն ու դատապարտեն Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Աթենքում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագրությունից, երիտասարդները պահանջագիր են հանձնել Եվրամիության ներկայացուցչին, որտեղ շեշտել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստն ու համաշխարհային քարոզչություն է իրականացնում պատմական իրողությունն աղավաղելու համար:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, մենք` որպես վերապրածների սերունդ, հայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ հայ ազգի անանցողիկ իրավունքների համար մղվող արդար գործում: Մենք կոչ ենք անում Եվրամիությանը խրախուսել անդամ պետություններին, որ նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ու քրեական պատասխանատվության ենթարկեն ժխտողներին»,- ասված է պահանջագրում:

Հունահայ երիտասարդները նաեւ պահանջում են ԵՄ-ից` ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու քայլեր կատարի` նյութական եւ ոչ նյութական կորուստների փոխհատուցման եւ հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am