Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսխորհուրդը նորագույն տեխնիկա է ստացել

17:40, 26 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մարտի 26-ին տեղի է ունեցել բուհի ուսանողական խորհրդի տեխնիկապես վերազինված աշխատասենյակի բացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  լսարանի վերազինումը կատարվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Հատկացվել են համակարգիչներ, տպիչներ, մոնիտորներ, պրոյեկտոր և անհրաժեշտ այլ սարքավորումներ։

Ուսանողական խորհրդի աշխատասենյակի բացման արարողությանը բուհի ուսանողները պատրաստել էին պարային ֆլեշմոբ, սենյակը վերանորոգել ու ձևավորել էին իրենց ջանքերով։

ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ուսանողական ինքնակառավարման մարմինները Երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրության ներքո են։ Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ուսանողական ինքանակառավարման հզորացմանը։ Կարեն Ավագյանն առանձնացրել է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսխորհրդի աշխատանքները՝ հավելելով, որ դրանց արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև բուհի վարչակազմի հետ համագործակցությամբ ու ռեկտորատի ցուցաբերած վստահությամբ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը շեշտել է, որ իրենց նպատակն է կրթական, հասարակական աշխատանքի պայմաններ ստեղծել ուսանողների համար, և գնահատելի է, որ այս գործում բուհերի կողքին կանգնած է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ռեկտորը տեղեկացրել է, որ բուհում աստիճանաբար լուծվում են տարբեր խնդիրներ. ստեղծվում են բազմաթիվ լաբորատորիաներ, այս տարի կավարտվի լաբորատորիաների ձևավորման գործընթացը։ Կստեղծվեն ճարտարապետական արվեստանոցներ, մակետային սենյակներ։ Օրակարգում է ուսանողական նոր ճաշարանի կառուցման հարցը։ 

Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը նշել է, որ ուսխորհրդի նորացված և տեխնիկապես հագեցած աշխատասենյակը նոր հնարավորություններ կընձեռի ուսանողներին, ուսանողական ինքնակառավարման մարմնին։ Նա նաև տեղեկացրել է, որ Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ տեխնիկապես հագեցած արդեն երկրորդ լսարանն է բացվում Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում։ Հատկացված ամբողջ տեխնիկական միջոցները ծառայում են ուսանողներին, նրանց կրթական գործընթացի բարելավմանը։


© 2009 ARMENPRESS.am