Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է մշակել

21:10, 23 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ են մշակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Կիպրոսի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների համատեղ ներկայացրած օրինագիծը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: 

Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը: Ենթադրվում է, որ Կիպրոսի խորհրդարանը օրինագիծը օրակարգ կմտցնի ընթացիկ շաբաթվա մեջ:

Հայոց ցեղասպանությունը, ներկա դրությամբ, ճանաչել են աշխարհի 22 երկրներ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:

Սակայն, Թուրքիան նախկինի պես հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային սպանությունները (Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում բնակվում էին մոտ 2 մլն հայեր, մոտ 1,5 մլն հայեր սպանվել են 1915-1923 թթ-երի ընթացքում, մնացած կես միլիոն հայերը ցրվել են ամբողջ աշխարհով):

            Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի եւ Սլովակիայի խորհրդարանները:


© 2009 ARMENPRESS.am