Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը ցուցադրության կհանի Էրեբունի թանգարանը

16:33, 20 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Էրեբունի պաշտմամշակութային թանգարան-արգելոցը կանցկացնի Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Ինչպես այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը, ցուցահանդեսը կիրականանա հուշարձանների միջազգային օրը` ապրիլի 18-ին: «Ինչո՞ւ ուրարտական ժառանգությունը, քանի որ Էրեբունին ուրարտական հուշարձան է: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք ընդգծել, որ մեր պատմական հայրենիքի տարածքի մշակութային ժառանգությունը Հայոց ցեղասպանության արդյունքում մնաց լքված: Մենք դրա մասին պետք է հոգ տանենք թեկուզ ցուցահանդեսների միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Գյուրջյանը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն ուրարտական հուշարձանների  լուսանկարները` զուգորդված գիտական մեկնաբանություններով:

Բանախոսի տեղեկացմամբ` սեպտեմբերի 23-26-ին Հայաստանում կհյուրընկալվի միջազգային ԻԿՕՄՕՍ-ի երկու գիտական կոմիտիների գիտաժողովը: «Արդեն մշակույթի նախարարության հետ ունենք պայմանավորվածությունը: Այս միջոցառումը ևս անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մենք հրավիրել ենք 15 երկրների 50 մասնագետների, այդ թվում` Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ու նախկին խորհրդային միության երկրների ներկայացուցիչների: Թեման է հուշարձանների պահպանության տարածաշրջանային խնդիրները»,-հայտնեց արգելոց թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով` գիտաժողովի առանցքում կլինի երկրների միջև սահմանային վեճերի ժամանակ մշակութային ժառանգության ճակատագրի հարցը, դրանց լուծման մեխանիզմները:


© 2009 ARMENPRESS.am