Երևանի բարեգործական ճաշարաններում տաք սնունդ է ստանում 2400 շահառու

14:40, 20 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն  այցելել է Նոր Նորքում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանը մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ շարունակում է մայրաքաղաքում գործող 19 բարեգործական ճաշարաններում կարիքավոր շուրջ 2400 անձանց սոցիալական աջակցության տրամադրումը՝ տաք սննդի տեսքով:

Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նշել է, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ միասին համագործակցությամբ երբեմն նաև համաֆինանսավորում և օժանդակություն է տրամադրվում  գործընկեր կազմակերպություններին՝ բարեգործական ճաշարանների պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով, քանի որ  մայրաքաղաքում կան տարեցներ, որոնք կարիք ունեն սննդապահովման: Տաք սննդից բացի փոխգործակցության շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անվարձահատույց տրամադրված տարածքում ստեղծել է տարեցների բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ իրենց առօրյան են անցկացնում շուրջ 100 տարեցներ: Կենտրոնում տարեցների համար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, տրվում է բուժօգնություն, իսկ շուտով գործելու է նաև հետվիրահատական վերականգնողական կենտրոն:

Այցելության ընթացքում սոցիալական աշխատակիցների վերապատրաստման նպատակով «Աջակցություն ՀՀ սոցիալական  ոլորտի բարեփոխումներին» ծրագրով կենտրոնում կազմակերպվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ Երևանի և որոշ մարզերի սոցիալական աշխատակիցների համար:


© 2009 ARMENPRESS.am