«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով

21:33, 11 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են. թիվը զուգակցվում է անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի «թերթիկները»: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: 

Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:

facebook: https://www.facebook.com/GenealogyOfficial
Twitter: https://twitter.com/GenealogyMusic
Instagram: http://instagram.com/genealogyofficial




© 2009 ARMENPRESS.am