Ռազմական ինստիտուտում կուրսանտի սպանության կապակցությամբ շուրջ 30 անձ կազատվի աշխատանքից

17:43, 4 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ ինստիտուտի ղեկավարության, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների ղեկավարների կողմից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին: «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ՝ իմ հրամանով պաշտոնից ազատվելու են երեք տեղակալներ, համալրման, զորքերի ծառայության և դաստիարակչական աշխատանանքների համար պատասխանատու բաժանմունքների պետերը և մի շարք այլ անձնավորություններ՝ մինչև 30 հոգի, որոնց մի մասը կազատվեն զինված ուժերից, կնշանակվեն ավելի ցածր պաշտոնների և ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն զորքեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Օհանյանը:

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ սպանությունը տեղի է ունեցել միջանձնաին հարաբերությունների տիրույթում ծագած վիճաբանության արդյունքում: Նախարարը տեղեկացրեց, որ մինչ սպանությունը ինստիտուտում տեղի է ունեցել ոգելից խմիչքի օգտագործում մի քանի կուրսանտների կողմից, որից հետո վիճաբանություն է ծագել, որը եղել է նախկինում էթիկայի պահպանման հարցերի շուրջ` սպանվածի և մի շարք այլ կուրսանտների միջև: «Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ ծեծկռտուք է եղել, որին էլ արդեն հաջորդել է սպանությունը»,- պարզաբանեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ քրեական գործն արդեն հարուցված է և 4 կուրսանտ ձերբակալված է: «Բացի այդ՝ կան նաև ստորաբաժանումների հրամանատարներ, ովքեր պետք է վերահսկեին, սակայն դա չեն արել պատշաճ կերպով: Ծառայողական քննության արդյունքում բացահայտվել են բաղթողումներ, որոնք առաջին հերթին վերաբերում են դաստիարակչական աշխատանքներին»,- նշեց Օհանյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն՝ նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերում դաստիարակչական աշխատանքների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվում, որն արդեն տվել է դրական արդյունքներ: «Այսօր կազմվել է հայրենիքի պաշտպանի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի համակարգ, որի շրջանակներում մենք լուրջ աշխատանք ենք տանում հատկապես միջանձնային հարաբերությունների խախտման, դրանց հետևանքով տարբեր պատահարների բացառման ուղղությամբ»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:


© 2009 ARMENPRESS.am