Հայոց ցեղասպանության բուն նպատակը եղել է մեր հայրենիքի բռնազավթումը. քաղաքագետ

15:18, 23 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության բուն նպատակը եղել է մեր հայրենիքի բռնազավթումը, և այդ իսկ առիթով Հայաստանը պարտավոր է հնչեցնել այդ հարցը, ինչպես նաև` ՀՀ տարածքի, այն տարածքի, որը իրավական փաստաթղթով ճանաչվել է որպես Հայաստանի իրավական մաս, առ այսօր բռնազավթված է Թուրքիայի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա Թուրքիայի կողմից թշնամական վերաբերմունք: Եթե վաղը Թուրքիան հնարավորություն ունենա ոչնչացնելու Հայոց պետականությունը առանց դրան հաջորդող իրեն համար բացասական հետևանքների, ապա այն կանի: Իսկ հնչեցնելով այն հարցը, որ Թուրքիան հանդիսանում է Հայաստանի նկատմամբ օկուպանտ, ապա աշխարհի վերաբերմունքը այլ կլինի Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Արա Պապյանը:

Նա հավելեց, որ Թուրքիայի բանակը գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության  տակ, այդ իսկ առումով նա Հայոց պետականության վերացման նպատակով օգնում է Ադրբեջանին, փորձում տնտեսապես թուլացնել մեր երկիրը, աջակցել արտագաղթի առավել ակտիվացմանը, երկիրը զրկել ազգային արժեքներից:

«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները սկսել են դիտարկվել Արևմուտք-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա, քան բուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դաշտում: Ցեղասպանության տարելիցը պետք է առիթ դառնար հնչեցնելու մեր պահանջները և մեկ անգամ ամրագրելու մեր իրավունքները: Սերժ Սարգսյանը ճիշտ արեց, որ մերժեց Էրդողանի հրավերը», - ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով, մենք աշխարհին պետք է բացատրենք, որ մեր նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այլ ցեղասպանության հետևանքների ընդունումը, որոնք առ այսօր ազդեցություն են ունենում Հայաստանի վրա, քանի որ մեզնից խլել են մեր հողը, մարդկային կյանքեր և աշխատանքային ռեսուրսներ:


© 2009 ARMENPRESS.am