Հանցագործն ու նա, ով կարող է կանգնած լինել նրա ետեւում, արժանի պատիժ կստանան. ՌԴ դեսպանություն

11:21, 20 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Գյումրիի ոճրագործության եւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հայտարարություն է տարածել` նշելով. «Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով դեսպանության կայքէջը, հայտարարության մեջ ասվում է. «Մինչ վերջին պահը բոլորս հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք չեղավ` չնայած բոլորս դրան այնքան սպասում էինք ու հավատում:  Երեխայի կորուստը սարսափելի ցավ է: Բառեր չկան, որոնք ինչ-որ կերպ կթեթեւացնեն տեղի ունեցած սարսափելի ողբերգության ցավը: Բայց նաեւ այս իրավիճակում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունն ամեն ինչ հասկանում է: Սուգը ողբ է ու աղոթք: Բոլորս տեղի ունեցած ողբերգությունից դասեր պետք է քաղենք, անենք ամենը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի: Կարող ենք վստահեցնել, որ հանցագործն ու նա, ով կարող է կանգնած լինել նրա ետեւում, արժանի պատիժ կստանան»:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:  Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:  


© 2009 ARMENPRESS.am