Պատգամավորները կքննարկեն ԵՏՄ-ի հետ կապված մաքսային կարգավորումների օրինագիծը. ՈՒՂԻՂ

12:12, 15 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը: Նիստը հրավիրվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ուստի այն կընթանա նախաձեռնողի սահմանված օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրանցվել է 110 պատգամավոր:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց: Օրակարգում ընդգրկված են մի շարք միջազգային պայմանագրեր, օրենքի նախագծեր, որոնք կքննարկվեն երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ, ինչպես նաև կան նախագծեր, որոնք առաջին անգամ կքննարկվեն խորհրդարանում:

Կառավարությունն արտահերթ նիստի ընթացքում խորհրդարանի քննարկմանը կներկայացի նաև Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են մի շարք կարգավորումներ՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Օրենքի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության ներքո դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման, բացթողնման, մաքսային ընթացակարգերին համապատասխան ապրանքների օգտագործման, մաքսային հսկողության իրականացման, մաքսային վճարների վճարման, ինչպես նաև մաքսային մարմինների և նշված ապրանքների նկատմամբ տիրապետման և (կամ) օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ ունեցող անձանց միջև հարաբերություններն են:

15.12.2014




© 2009 ARMENPRESS.am