Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:32, 2 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: 
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն ուղեկցել է հյուրերին և ներկայացրել հուշահամալիրի կառուցման պատմությունը: Վրաստանից ժամանած պատվիրակությունը եղել է նաև պուրակում, որտեղ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ջրել է Վրաստանի Նախագահի կողմից տնկված արծաթափայլ եղևնին: 
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: 


© 2009 ARMENPRESS.am