«Հեռուստամարաթոն 2014»-ին համայն հայության ջանքերով հավաքվել է 12.4 միլիոն դոլար

10:13, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի ընթացքում համայն հայության ջանքերով հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավաքված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: «Հեռուստատմարթոն 2013»-ին հավաքվել էր 21 միլիոն դոլար, որից 10 միլիոնը փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, իսկ շուրջ 11 միլիոնը նախանշված էր այլ ծրագրերի համար:

Հայաստանն Արցախին միացնող Վարդենիս-Մարտակերտ այլընտրանքային ճանապարհի ընդհանուր արժեքը 31-32 միլիոն դոլար է, 10 միլիոն դոլար համահայկական ջանքերով արդեն փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, մոտ 4 միլիոն դոլարն էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը Հայաստանի մասը կառուցելու համար: Ճանապարհն ավարտին հասցնելու համար հարկավոր է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս պահի դրությամբ ճանապարհի հայաստանյան մասում (14 կմ) գրեթե ավարտին են հասցվել թե հողային, թե ասֆալտապատման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի մասում հողային աշխատանքները մոտենում են ավարտին:


© 2009 ARMENPRESS.am