Դավիթ Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է ուղղաթիռի անձնակազմի դիակների տարհանման անհերքելի փաստեր

17:54, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 22-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրշիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր: 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու ևդրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվելէ հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:


© 2009 ARMENPRESS.am