Եվրոպական երիտասարդական պառլամենտն իր առջև նպատակ է դրել գործնականորեն պիտանի լինել հայ երիտասարդությանը

11:18, 18 Նոյեմբեր, 2014

ԳԴԱՆՍԿ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երիտասարդական պառլամենտները շուրջ 42 երկրներում և Հայաստանում հիմնվել են 2012 թվականին, մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից` որպես հասարակական կազմակերպություններ: Ներկայումս Հայաստանի Եվրոպական երիտասարդական պառլամենտը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, 3 ամենաուժեղ ազգային կոմիտեներից մեկն է` Ֆրանսիայի և Շվեդիայի հետ: Հայաստանի Եվրոպական երիտասարդական պառլամենտը կազմակերպել է 3-րդ ֆորումը, որի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Եվրոպական երիտասարդական պառլամենտի (EYP) նախագահության անդամ և երիտասարդական ֆորումի գլխավոր կազմակերպիչ Արեգ Քոչինյանի հետ:

- Խնդրում ենք պատմել ֆորումի մասին, ի՞նչ նպատակ է հետապնդում այն և ինչպիսի՞ ձևաչափով է ընթանալու:

- 3-րդ երիտասարդական ֆորումը կազմակերպվել է երիտասարդ առաջնորդների խրախուսման նպատակով, ունի հինգ կոմիտե, ամեն մեկը` առանձին թեմատիկայով: Առաջին` միջազգային հարաբերությունների կոմիտեն, օրինակ, ուսումնասիրում է Կոսովոյի, Շոտլանդիայի, Կատալոնիայի քվեարկության հարցերը, և թե արդյոք դրանք կարո՞ղ են նախադեպ հանդիսանալ, մյուսն ուսւմնասիրում է մզկիթների կառուցման արգելքը եվրոպական որոշ երկրներում. որքանով է դա մարդու իրավունքների ոտնահարում կամ անվտանգության հարց: Երրորդը` մարմնավաճառության թույլատրում կամ ոչ թույլատրումը Հայաստանում. որն է ավելի ճիշտ առողջապական տեսանկյունից, սեռավարակների դեմ պայքարի տեսանկյունից: Ի վերջո, արդյունաբերական մրցակցության կոմիտեն, որի անունն արդեն հուշում է, թե ինչ է քննարկելու: Հինգերորդը մշակութային կոմիտեն է:

Ֆորումը տևում է հինգ օր և իր մեջ ներառում է ոչ միայն ակադեմիական թեմաներով քննարկումներ,  այլ նաև մշակութային փախանակման հարցեր: Եվրոպական երիտասարդական պառլամենտն իր մեջ ներառում է երկու բազկացուցիչ. կրթական, որը մեզ համար ամենակարևորն է, մենք մեզ համարում ենք ոչ ակադեմիական, ոչ ստանդարտ կրթություն ապահովող շարժում, և երկրորդ` հնարավորություն լսելի դառնալու, հնարավորություն, քո տեսակետը բարձրագույն պաշտոններին հասցնելու: EYP-ն ֆինանսապես ամբողջովին անկախ է, մենք որևէ դոնոր կազմակերպություն, որևէ հովանավոր թե´ Հայաստանում և թե´ Հայաստանից դուրս չունենք: Ֆիանանսավորումը իրականցավում է անդամավճարների միջոցով, իսկ առանձին մեր միջոցառումներ ունենում են առանձին բիզնես-գործընկերներ:

- Կուզենայինք իմանալ կոմիտեների գործունեության արդյունքների մասին: Օրինակ, նշեցիք, որ բանաձևեր եք քննարկում և արդյունքները ներկայացնում եք պետկան մարմիններին: Մինչև հիմա Ձեր ներկայացրած առաջարկություններից ո՞րն է ընդունվել, ի՞նչ հաջողության եք հասել:

-Երկու օրինակ բերեմ` մեկը Հայաստանից և մյուսը` ոչ Հայաստանից: Հայաստանից Լեհաստան աշխատանքային գործուղման մեկնման պայմանները մի փոքր տարբերվում են ԵՄ այլ երկրներից: ԵՄ-ում շենգենյան գոտի է, սակայն երկարատև ժամկետով մեկնելու համար ամեն երկիր ունի իր քաղաքական մոտեցումը: Լեհաստանը, չգիտես ինչու,  ավելի խիստ պահանջներ ուներ Հայաստանի նկատմամբ, ի տարբերության մյուս ԵՄ երկրների: Այդ հարցը խորությամբ քննարկվեց սահմանադրական իրավունքի կոմիտեի կողմից, որոշակի առաջարկությունների փաթեթ կազմվեց, ուղարկվեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարաություն: Արդյունքում Հայաստանից այնտեղ գնացողներին աշխատանքի վիզայի տրամադրման լեհական մոտեցումը հավասարեցվեց ԵՄ մյուս երկրների մոտեցմանը: Սա արտասահմանի օրինակ էր: Մյուսը` Հայաստանում, օրինակ, մենք ծարգիր էինք իրականցնում` EYP Ambassadors of Armenia, ունեինք տասը կոմիտե` ամեն մի մարզի համապատասխան, և ամեն մի կոմիտե փորձում էր բանաձևի միջոցով ներկայացնել տվյալ մարզի տուրիստական գայթակղությունները: Ժյուրին բաղկացած էր գործարարների խմբից, և առաջադրանքն այն էր, որ պետք է գործարարներին համոզեին ներդրումներ կատարել տվյալ մարզում: Այդ ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ճանաչվեց տարվա լավագույն տուրիստական ուղղվածություն ունեցող ծրագիր: Եվ այնտեղ ներկայացվածներից բավականին մեծ քանակությամբ առաջարկություններ (մանավանդ Կոտայքի և Վայոց մարզի կոմիտեների) Էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրվեցին որպես առաջիկա տասնամյակի ստրատեգիայի մոտեցումներ:

- Եթե չեմ սխալվում, մոտ երեք հարյուր հայ երիտասարդներ են ներգրավված հայկական EYP-ում, կուզենայի անդրադառնաք այն ազդեցությանը, որ EYP-ն գործում է հայ երիտասարդության վրա:

- Թվերը մի փոքր ուրիշ են: EYP-ին կարելի է մասնակցել երկու ձևով: Առաջինը` մեր կազմակերպությանն անդամակցելով: Անդամակցությունը տևում է մեկ տարի: Այս պահի դրությամբ ունենք մոտ երեք հարյուր անդամ: Բայց մենք ունենք նաև հազարից ավելի շրջանավարտներ: Քանի որ մենք կրթական նախագիծ ենք, մեր շրջանավարտներ են դառնում ցանկացած մեր միջոցառմանը մասնակցելով և ստանալով մեր սերտիֆիկատը, որի արդյունքում ավտոմատ համարվում են մեր շրջանավարտը: Այսինքն EYP ազդեցություն է գործել ընդհանուր առմամբ հազարից ավելի հայ երիտասարդների վրա: Ազդեցության օրինակները շատ են: Օրինակ, տասնհինգ տարեկան աղջնակը ուներ հոգեբանական բարդույթ հանդիսատեսի առջև խոսելու: EYP-ն հռետորական խոսքի հիանալի դպրոց է: Եվ երեք սեսիայի մասնակցելուց հետո նրա բերանը փակել չէր լինում: Այսինքն` աղջիկը կարողացավ այդ բարդույթից ազատվել: Չեմ ասի, որ EYP-ն բացառիկ է իր ակադեմիական ներդրումով մարդու մեջ, բայց այն բացառիկ է որոշ որակավորումների և անհատական ձեռքբերումների տեսանկյունից: Իրականում այսօր Հայաստանում նման կարճ ժամանակահատվածում նման որակավորում հնարավոր չէ ձեռք բերել: Մենք մեր առջև նպատակ ենք դրել գործնականորեն պիտանի լինել հայ երիտասարդությանը:

Փաստորեն, EYP-ն հնարավորություն է տալիս, որ տարբեր երկրներից երիտասարդներ գան Հայաստան և հայ երիտասարդները մեկնեն աշխարհի տարբեր ծայրեր:

- Կենցաղային օրինակ բերեմ: Այսօր ես որ եվրոպական երկիր էլ մեկնում եմ, զանգահարում եմ EYP –ական ընկերոջս, և այլևս ոչ զբոսավարի, ոչ հյուրանոցի կարիք չի լինում: Նույնն էլ` երբ նրանք են այստեղ գալիս: Այսինքն` սա արտակարգ հնարավորություն է աշխարհի շատ երկրներում լավ ընկերներ ունենալու: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք պատկերին, այստեղ հիմնականում հավաքվում են երիտասարդ առաջնորդներ, այն տարբեր երկրների այսպես կոչված ոսկի երիտասարդության համատեղման վայր է: Եվ պատկերացրեք ինչքան դրական է, երբ տարբեր երկրների առաջադեմ երիտասարդները միմյանց  անհատապես են ճանաչում: Շատ-շատ են մասնակիցները Եվրոպայի տարածքում, ովքեր անցել են պետական պաշտոնների: Օրինակ` Բելգիայի վարչապետը, Շվեդիայի արտգործնախարարը, ԵՄ պառլամենտական ասամբլեայի բազմաթիվ պատգամավորներ, այսինքն որոշում կայացնող անձինք: Հայաստանի որոշում կայացնող անձինք անձնապես, անհատական մակարդակով երիտասարդ տարիներից ճանաչում են Ստրասբուրգում նստող Եվրոպառլամենտի պատգամավորներին: Արդյունքում` որքան ավելի հեշտ է հարաբերությունները դասավորել: Եթե չեմ սխալվում, Բելգիայի վարչապետի խոսքն է, EYP-ն Եվրոպայի քաղաքական լիդերների դարբնոցն է: Եվ այդ մշակույթի հետ շփվելով, բնականաբար ունենալով նաև մեր ներդրումը` վերցնում ենք մեր բաժինը: 


© 2009 ARMENPRESS.am