Լևոն Արոնյանին ուժ է տալիս ժողովրդի կողմից սիրված լինելը

18:08, 29 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի համար շատ կարևոր է ժողովրդի կողմից սիրված լինելը:

«Ինձ համար շատ կարևոր է, որ ես սիրված եմ ժողովրդի կողմից: Դա ինձ միշտ ուժ է տալիս, քանի որ հասկանում եմ, որ ամենուր ինձ տեսնող հայերն ուզում են, որ լավ շախմատ խաղամ: Գուցե դա նրանից է, որ ես ինձ համարում եմ ժողովուրդի միջից դուրս եկած անձ: Ես միշտ էլ պարտիաների ժամանակ մտածում եմ այդ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Արոնյանը:

Նրա կարծիքով` շախմատում պատմական տեսանկյունից միշտ էլ ուժեղ են եղել երկու ազգի ներկայացուցիչներ` սլավոնական ծագում ունեցողները և հրեաները: «Այդ ամենը բացատրվում է նրանով, որ շախմատային մշակույթը զարգացել է հենց ԽՍՀՄ երկրներում: Իսկ ռուսները, հայերը և հրեաները միշտ էլ սիրում են մտածել»,- եզրափակեց Արոնյանը:

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն է, աշխարհի թիմային առաջնության չեմպիոն և դարձել է նաև աշխարհի գավաթակիր:


© 2009 ARMENPRESS.am