Հայ արտադրողների մոտ աշխուժություն է ռուսական շուկա դուրս գալու ուղղությամբ

12:33, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համոզված է, որ հայ արտադրողները կարող են օգտվել ռուսական շուկայում որոշ ապրանքների մասով ստեղծված բացից ու իրենց արտադրանքն արտահանել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց փոխնախարարը: «Լայն ծավալով կարող ենք գյուղմթերքի վերամշակման ապրանքներ արտահանել` պահածոներ, հանքային ջուր, սովորական ջուր, թարմ միրգ-բանջարեղեն: Այսինքն` այն ամբողջ ապրանքատեսականին, որի բացը զգացվելու է Ռուսաստանում: Կաթնամթերքի, այդ թվում` պանրի, մսամթերքի արտադրություն. բոլոր այդ ուղղություններով մենք ունենք բարձրորակ արտադրանք, որը կարող է օգտագործվել այնտեղի շուկայում»,-ասաց Տիգրան Հարությունյանը:

Իսկ հարցին ի պատասխան, թե արդյոք կա որոշակի տեղաշարժ` փոխնախարարն ասաց, որ այս պահին որոշակի աշխուժություն կա հայ արտադրողների շրջանում:

Օգոստոսի սկզբներին ՌԴ իշխանությունները արգելք են դրել եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալական մի շարք ապրանքնատեսակների ներկրման վրա: ՌԴ նախագահի 2014 թվականի օգոստոսի  6-ի 560 հրամանագրով արգելվել է հինգ խմբի ապրանքների ներկրումը, այդ թվում` մսեղենը, ձկնեղենը, կաթնամթերքը, բանջարեղենն ու միրգը:


© 2009 ARMENPRESS.am