Կառավարությունը հաստատեց Հայաստանում ստեղծվող նոր հարավային երկաթուղու ծրագիրը

13:32, 7 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ստեղծվող նոր հարավային երկաթուղու ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալու նոր ճանապարհ, որը Հայաստանի հարավային շրջանները կմիացնի հյուսիսային շրջանների հետ: Կառավարության նիստի ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ որոշումը հաստատման է ներկայացվել` հիմք ընդունելով Հայաստանի հարավային երկաթուղու իրագործելիության ուսումնասիրության նախնական արդյունքները: «Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումներ ապահովող ճանապարհ: Ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալ նոր երկաթգիծ` միացնելով երկրի հարավային շրջանները հյուսիսային շրջաններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բեգլարյանը:

Ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը պարտավորվում է  կոնցեսիոների կողմից միջազգային ստանդարտներին համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալները ստանալուց հետո երկամսյա ժամկետում Կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի հարավային երկաթուղու  կառուցման նախնական ծրագրի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ` հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը:


© 2009 ARMENPRESS.am