Ադրբեջանական հերթական դիվերսիան է կանխվել. հակառակորդը զոհ ունի

11:18, 6 Օգոստոս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը:


© 2009 ARMENPRESS.am