Ոստիկանության շարքերը համալրվեցին նորընծա սպաներով

19:43, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության կրթահամալիրում անցկացվել է դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան սպաներ, ակադեմիայի  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ծնողներ: 

Ակադեմիայի ավարտական կուրսի հանդիսավոր քայլերթից հետո նորընծա սպաները, ովքեր ոստիկանության նոր համազգեստը կրող առաջին հերթափոխն են, ստացան դիպլոմները՝ որպես ոստիկանի կոչումն ու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո երախտիքի խոսք ասացին շրջանավարտների եւ ծնողների ներկայացուցիչները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ սպաներին բարի երթ մաղթեց` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին:

Հանդիսավոր արարողության ավարտին ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին:


© 2009 ARMENPRESS.am