Հայաստանում պատրաստվում են արևային էլեկտրաէներգիայի սակագին սահմանել

11:26, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի համար սահմանվող օպտիմալ սակագինը ներկա պայմաններում կարող է լինել 50-70 դրամ: Դա այն հնարավոր սահմանաչափն է, որը կհստակեցվի երկրում իրականացվող պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջին էլեկտրակայանի գործարկումից, ինչպես նաև կայանի ինքնարժեքի և շահույթի հարաբերակցությունից է կախված այն սակագինը, որը կսահմանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրով նախատեսված է 30 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցում, որի հիման վրա կատարված հաշվարկները թույլ կտան սակագին սահմանել արևային էլեկտրաէներգիայի համար: «Ծրագրի ավարտից է կախված սակագնի որոշումը: Պայմանավորված ֆինանսավորման և ներդրված վարկային միջոցների ծավալով` հնարավոր կլինի ամփոփել և նշել, թե ինչ սակագին կլինի: Արևային էներգետիկայի պարագայում հիմնական բաղադրիչը հենց ներգրավված կապիտալն է: Ներկայումս օպտիմալ սակագինը, որ կարող է սահմանվել 50-70 դրամն է, այնինչ երկու-երեք տարի առաջ նույն կայանը կառուցելու դեպքում սակագինը լինելու էր շուրջ 180 դրամ: Դրանով էր պայմանավորված սակագնի ձգձգումը»,- ասաց Բաղրամյանը:

ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետը նշում է, որ արևային էլեկտրաէներգիայի սակագնի սահմանումը իր ազդեցությունը կունենա էլեկտրաէներգիայի ներկա սակագնի վրա, թեև ազդեցությունը միանգամից ակնառու չի լինի: «Քանի դեռ պիլոտային ծրագիրն է իրականացվում, դրա ազդեցությունը մեծ չի լինի: Սակայն պետք է հաշվի առնենք, որ այսօր ամենաթանկ էլեկտրաէներգիան, որ մատկարարվում է բաշխիչ ցանցեր, արժի 30 դրամ, այսինքն` ներկա սակագների և արևային էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը բեռ է լինելու համակարգի վրա»,- ասաց նա:

«Արևային էներգետիկայի զարգացման համար Հայաստանում խոչընդոտներ չկան»,-այս կարծիքին է Հայաստանի վերկանգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Նա նշում է, որ երկրում շարունակաբար թանկացող էլեկտրաէներգիան լինելու է այն հիմնական խթանը, որը զարգացնելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտը: «Էլեկտրաէներգիայի թանկացումը շարունակվելու է, քանի որ մենք ծախսում ենք սպառվող ռեսուրսների հաշվին ստեղծված էլեկտրաէներգիա, իսկ դա չի կարող անվերջ շարունակվել: Վերականգնվող էներգետիկայի զարգացումը այս դեպքում միակ լուծումն է: Պետությունն արդեն հասկանում է դրա կարևորությունը, և քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ: Օրենսդրության մեջ արդեն կատարվել են որոշակի փոփոխությունները, որոնք համապատասխան օրենսդրական դաշտ են ստեղծում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: Օրինակ, փոքր ՀԷԿ-երի զարգացումը նախորդ տասնամյակում մեծ թռիչք գրանցեց, և դա կատարվեց առանց պետական բյուջեից մեկ դրամ ծախսելու: Դա արվեց այն բանի շնորհիվ, որ ներդրողների համար սահմանվեց ձեռնտու սակագին, ինչպես նաև սահմանվեց էլեկտրաէներգիայի գնման 15 տարվա պահանջ, այսինքն` բաշխիչ ցանցը պարտավոր էր էլեկտրաէներգիան գնել ամբողջ ծավալով: Սա վստահություն ներշնչեց ներդրողներին, քանի որ նրանք համոզված էին, որ իրենց ապրանքը կվաճառվի և ներդրված կապիտալը կվերադարձվի: Սա շատ հարմար գործիք էր` ավելի, քան հարկային արտոնությունները»,- նշեց Բաբայանը` հավելելով, որ նման մեխանիզմ հնարավոր է կիրառել նաև վերականգնվող էներգետիկայի պարագայում:

Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են: Օրինակ, էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների միջոցով, արեգակնային ճառագայթումն անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Աշխարհում գործում են խոշոր արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) էլեկտրակայաններ, որոնց հզորությունը կարող է հասնել 20 ՄՎտ-ի: Ներկայումս նախագծվում են նաև 100 ՄՎտ հզորության կայաններ:


© 2009 ARMENPRESS.am