Արգենտինական «Սան-Լորենսո»-ն հրաժարվել է հակահայ գործունեության դիմաց Ադրբեջանի հովանավորությունից

10:33, 17 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական «Սան-Լորենսո Դե Ալմագրո» ակումբը հրաժարվել է Ադրբեջանի հովանավորությունից, շեշտելով, որ այդ երկիրն օգտագործում է սպորտը մարդու իրավունքների խախտման եւ ռասիստական հայտարարություններ տարածելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia.com-ը, Ադրբեջանը, որ արդեն հովանավորում է իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբը, ցանկացել է հովանավորել «Սան-Լորենսո Դե Ալմագրո»-ին` պայմանով, որ արգենտինական ակումբն իր մարզաշապիկին տեղադրի «Էթնիկ հայեր գոյություն չունեն» արտահայտությունը:

Սա առաջացրել է ակումբի ղեկավարության դժգոհությունը: Միաժամանակ, տեղի հայկական համայնքն է հանդիպումներ ունեցել ղեկավարության հետ, ինչի արդյունքում ակումբը հրաժարվել է ադրբեջանական նավթադոլարներից:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի իր աղբյուրներին հղում կատարելով, կայքը գրում է, որ «Սան Լորենցո»-ի մերժումից հետո այժմ Ադրբեջանը փնտրում է նոր ակումբ, որը հաշվի չի առնի հումանիստական գաղափարներն ու միաժամանակ խնդիր չի ունենա տեղացի հայերի հետ հարաբերությունների վատացման համար:

Յուրաքանչյուր խաղաշրջանի համար Ադրբեջանն «Ատլետիկո Մադրիդ»-ին վճարում է 12 միլիոն եվրո, որպեսզի ակումբն իր մարզաշապիկին տեղադրի «Azerbaijan land of fire» գրությունը: Այս կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հատուկ զեկույց էր պատրաստել` շեշտելով, որ Ադրբեջանը միլիոններ է ծախսում իսպանական ակումբի շնորհիվ հռչակ ձեռք բերելու համար, մինչդեռ իրականում, Ադրբեջանն առավել հայտնի է որպես մամուլի տեսանկյունից ամենաանազատ պետությունն աշխարհում:


© 2009 ARMENPRESS.am