ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մանրամասները

14:15, 16 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունն այս պահի դրությամբ չունի որեւէ տեղեկատվություն գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ այս պահին ճշտում են լուրի իսկությունը: «Այս պահին փորձում ենք ճշտել լուրի իսկությունն ու մանրամասներ ստանալ միջադեպի առնչությամբ»,- ասաց Ջամբազյանը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին` «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից:

Հետաքննիչներն ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին: Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Լևոն Հայրապետյանն արցախցի բարերար է ու հայկական Սփյուռքի ամենախոշոր մեծահարուստներից մեկը:


© 2009 ARMENPRESS.am