Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում սկսվել են հրետանավորների դաշտային վարժանքները

13:50, 16 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 300 զինծառայողներ «տագնապ» ազդանշանով Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների 40 միավոր  հատուկ տեխնիկայով 100 կիլոմետր ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» ուսումնավարժական համալիր: Երկշաբաթյա դաշտային մարտավարական վարժանքների ընթացքում գարնանային զորակոչի երիտասարդ զինվորները բարձրլեռնային պայմաններում կկատարեն իրենց առաջին կրակոցը սովորական եւ ռեակտիվ հրանոթներով եւ ականանետներով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հերետանավոր-սպաներն իրենց ենթականերին կպատրաստեն ճիշտ ըմբռնելու մարտական եւ ուսումնական խնդիրները, ինչպես նաեւ ըստ հրամանների գործելու լեռնային տեղանքի պայմաններում պայմանական հակառակորդի գտնվելու առաջադրված ուղղություններով հրանոթների նշանառման եւ հրաձգավարման ժամանակ:      

Վարժանքները կանցկացվեն օրական 10 ուսումնական ժամ, ընդ որում պարապմունքների 70 տոկոսը կանցկացվի օրվա գիշեր ժամանակ, քանի որ ցերեկը ծովի մակերեւույթից ավելի քան 2200 մետր բարձրության վրա շրջակա միջավայրի ջերմասիճանը հասնում Է մինչեւ Ցելսիուսի +50 աստիճան:

Հրետանավորների դաշտային պարապմունքները կավարտվեն վաշտային համալիր մարտավարական վարժանքներով, որոնց ընթացքում կստուգվի մոտոհրաձգային եւ հրետանային ստորաբաժանումների մարտական վարժվածությունն ու պատրաստականությունը:


© 2009 ARMENPRESS.am