Մեկնարկել է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը

11:15, 15 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիա Ղուշչյանի ստեղծագործության հնչյունների ներքո  մայիսի 14-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում մեկնարկել է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմպոզիտորների միությունից, երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողներՄարիա Ղուշչյանի, Էլեն Յոլչյանի, Ռուբեն Անտոնյանի, Հովիկ Սարդարյանի, Արթուր Հարությունյանի, Մարիամ Սահակյանի, Ալվինա Կարապետյանի, Վահագն Վարդանյանի և Մերի Դոլմազյանի ստեղծագործությունները:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երիտասարդները պետք է լսեն իրենց ստեղծագործությունները, այդ  կերպ կարող են կատարելագործվել և շարժվել առաջ, իսկ միությունը պատրաստ է աջակցել ու սատարել երիտասարդներին:

«Մեր հիմնական նպատակը հանրապետությունում մեր երիտասարդների անուններն ավելի հնչեղ ու հայտնի դարձնելն է: Մենք ունենք փայլուն երիտասարդ կոմպոզիտորներ: Մի մասը, որ արտասահմանում է, շատ պատշաճ ձևով է ներկայացնում հայ երաժշտական արվեստը, դառնում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Մենք պետք է գոհ լինենք, որ այդպիսի երիտասարդություն ունենք: Այդ երիտասարդությանն այստեղ, ցավոք, չեն ճանաչում: Փառատոնը հնարավորություն կտա, որ ճանաչեն բարձր արվեստը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Փառատոնի նպատակն է միավորել և ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս բնակվող երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները:

Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այդ օրը կհնչեն Աննա Հակոբջանյանի, Մարտին Ուլիխանյանի, Սարգիս Ատամյանի, Տիգրան Ասլանյանի, Սամվել Գանտրալյանի,  Ժիրայր Շահրիմանյանի, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի և Հեղինե Սարգսյանի ստեղծագործություններից:

Մայիսի 20-ին տեղի կունենա վերջին համերգը. կհնչեն Արթուր Աքշելյանի, Անդրանիկ Ֆատալովի, Արսեն Բաբաջանյանի, Դավիթ Բալասանյանի, Արամ Հովհաննիսյանի, Էդմոնդ Մակարյանի, Արթուր Ավանեսովի, Արսեն Հարությունյանի և Վահրամ Սարգսյանի ստեղծագործություններից:

Բոլոր համերգների մուտքն ազատ է: Միջոցառման աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բացի այդ, մայիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքնաերի համերգը, որին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:


© 2009 ARMENPRESS.am